ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Որտեղ ինքն է ու ինքը (ֆոտոշարք)

Որտեղ  ինքն է ու ինքը (ֆոտոշարք)
07.12.2012 | 12:35

Օրերս Երևանի մնջախաղի պետական թատրոնում ներկայացվեց մանրապատումների նոր ծրագիր: Հանդես եկան ոչ միայն թատրոնի դերասանները, այլև մնջախաղի թատրոնի ստուդիայի սաներն ու ավարտական կուրսի ուսանողները:
Ծրագրում ընդգրկված էր 5 մանրապատում` «Շախմատ», «Ճիչը», «Սալոմե», «Կաղապարում» և «Աթոռի հոգին»:
Մանրապատումների ծրագիրն սկսվեց «Շախմատ» (Շուշան Սարգսյան, Մարգարիտա Առաքելյան, Իննա Հախնազարյան և Նաիրա Եդիգարյան) ներկայացմամբ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ մնջախաղային հատվածը, որը ներկայացնում է սև և սպիտակ թագուհիների մենամարտը, շարունակություն է ունենալու, հայտնվելու է արքան: «Թե ինչ տեղի կունենա, դեռևս պարզ չէ»,- ասաց նա: Իսկ առայժմ «Շախմատը» մնջախաղի սիրահարներին ստիպում է ժպիտով նայել սևերի ու սպիտակների բախմանը, որը վերափոխվում է թագի համար պայքարի, որտեղ իրար են խառնվում սևն էլ, սպիտակն էլ:
Լուսինե Գալստյանի «Ճիչը» այն փակ ու երկփեղկվող աշխարհն է, որ փոթորկվում-փոթորկվում է, բացում իրեն մինչև հոգու խորքը` այդպես էլ չկորցնելով խորհրդավորության շղարշը: Կին առեղծվածն է` սպասված, անակնկալ, խռովահույզ, սեթևեթող, քնքուշ, կատաղի, վտանգավոր, հմայիչ, ճակատագրական: Համարյա սիրո պես: Համարյա ինքնաճանաչման պես:
Լուսինե Գալստյանը մնջախաղի թատրոնի ստուդիայի շրջանավարտ է: Ինչպես նշեց Ժիրայր Դադասյանը, մի քիչ գուցե շատ են խոսել կնոջ հոգեբանությունից, մի քիչ էլ գուցե ոգևորված Մունկի հայտնի կտավից` Լուսինեն փորձել է կնոջ հոգեբանությունը վերարտադրել մնջախաղի լեզվով: Այս մանրապատումը մեկ անգամ արդեն ցուցադրվել է:
Հաջորդ մանրապատումը` «Կաղապարում» կամ «Երկվություն», իրականացնում են մնջախաղի թատրոնի ստուդիայի սաները` Մերի Կիրակոսյանը և Անահիտ Տեր-Սարգսյանը: Այս մանրապատումը ՆՓԱԿ-ում անցկացվող «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնում ճանաչվել է լավագույնը:
Աշխարհի դեմ անընդհատ կռվող մարդը իրականում կաղապարում է, որտեղ ինքն է ու ինքը: Եթե շախմատի դեպքում բախվում ես աշխարհի օրենքներին ու անարդարությանը, ինչն անգամ ծիծաղ է առաջացնում, այս դեպքում աշխարհի հետ մենակ ես: Պայքարդ ինքդ քո դեմ է, տուժողը դու ես, հաղթողը` նույնպես:
Կաղապարում հայտնվածների հմուտ խաղը ստիպում է յուրաքանչյուրին տեսնել սեփական անձի երկվությունը:
Ճիշտ ժամանակին գալիս է «Սալոմեն», որը թատերական ինստիտուտի մնջախաղի կուրսի այս տարվա շրջանավարտ Նունե Սուքիասյանի դիպլոմային աշխատանքն է: Հետաքրքիր անդրադարձ է աստվածաշնչյան թեմային` Սալոմեին: Հոգու և մարմնի հմայող ու մունջ խաղ, ուր բառերն իսկապես ավելորդ են: Այն բեմադրվել է տարբեր միջոցառումների շրջանակներում և արդեն ունի իր հանդիսատեսը:
Վերջին ներկայացումը` Յուրի Կոստանյանի «Աթոռի հոգին», ցուցադրվեց նորովի` դուետով: Իմպրովիզացիոն այս հատվածը բեմադրվել է «Աթոռը» մանրապատումի մոտիվներով, որ Յուրի Կոստանյանի կատարմամբ ցուցադրվել է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Մեզ մոտ առաջին անգամ է ցուցադրվում: «Բեմադրիչը ցանկացավ, որ մասնակցի նաև մնջախաղի դերասանուհիներից մեկը` Նաիրա Եդիգարյանը, թե ինչ է ստացվել, ոչ ոք չգիտի»,- ասաց Ժիրայր Դադասյանը, նշելով, որ ներկաներից ոմանք շատ լավ գիտեն` ինչ է նշանակում իմպրովիզացիոն ներկայացում, երբ ուղղակի կա գաղափար, միտքը և մարմինը գտնվում են ազատ վերարտադրության մեջ` այս պահին: «Երեկ Նաիրա Եդիգարյանը մոտեցավ ինձ և ասաց` «Ես չգիտեմ` ինչ ենք անելու, որովհետև պարոն Կոստանյանը փորձ չարեց»: Այնպես որ, թե ինչ է լինելու, փորձենք պարզել հենց այս պահին, երբ մեր աչքի առաջ կծնվի ներկայացման մի փոքրիկ հատված, որը հետո գուցե վերածվի ներկայացման»,- ասաց Ժ. Դադասյանը:
Աթոռի համար ամեն ինչի ընդունակ մարդը, ի վերջո, դառնում է աթոռի հոգու գերին: Դժվար է որոշել, թե ով է ում տիրացել, քանի որ աթոռին տիրող մարդն անասելի տանջանքներ է կրում իրենից պոկ չեկող աթոռից ազատվելու համար: Ներկայացումը աթոռասերների` ամեն գնով իշխանության ձգտողների համար է: Քաղաքական, միստիկ, տրագիկոմիկական, բազմաժանր մնջադրաման սթափեցնելու և սեփական ազատությունը գնահատելու փորձի է նման:
Յուրի Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ փորձում ենք ինչ-որ բան ձևակերպել, այդ երևույթը ձևակերպման մեջ մահանում է: Պետք է նայել արվեստի գործը և էլ ոչ մի խոսք: Ամեն ինչ ասվում է: «Մենք նկարագրում ենք երևույթներ, որոնք եղել են կամ պիտի լինեն, բայց պահը չենք կարողանում մարդկանց փոխանցել: Ես անում եմ իմպրովիզացիոն ներկայացումներ, չեմ ֆիքսում, գուցե որոշ չափով տուժի մյուս ներկայացումների համեմատ, այդ տուժելն ինձ չի անհանգստացնում,- ասաց նա:- Որովհետև այստեղ և հիմա է տեղի ունենում, մենք խաղընկերներով մտնում ենք մի փոխհարաբերության մեջ, որտեղ պայմանավորվածություններ չունենք: Ես սիրում եմ իմպրովիզացիան»:
Հավելենք, որ մանրապատումների նոր ծրագիրը կընդգրկվի մնջախաղի պետական թատրոնի խաղացանկում, կավելանան ևս մի քանի մանրապատումներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ